Բլոգ
Հարցազրույց Նանե Մաթևոսյանի հետ
- November 14, 2016
- Posted by: admin
- Բաժին. Business advice Online marketing SEO
Հարցազրույց Slice Consulting ընկերության համահիմնադիր,
Swiss Business School MBA Մարքեթինգ Մենեջմենթի գծով մասանագետ Նանե Մաթևոսյանի հետ:
Նանե, պատմե՛ք մի փոքր Ձեր կողմից ծավալվող գործունեության մասին։
Մենք արդեն 10 տարի է, ինչ շուկայում ենք, խորհրդատվության և ոչ ֆորմալ մասնագիտական կրթության բնագավառում առաջիններից էինք։ Սկսել ենք մարքեթինգի և վաճառքների ասպարեզից, առաջինը ընկերությունների ուշադրությունը սևեռեցինք թվային մարքեթինգի գործիքների վրա։ Մեր թիմը դեռ 4 հոգուց էր բաղկացած։
Այժմ ունենք ավելի քան 10 խորհրդատու և դասընթացավարներ իրենց ձևավորված թիմերով, ընդլայնել ենք մեր գործունեությունը․ տարիների ընթացքում մասնագիտացանք նաև բրենդինգում, ֆինանսներում, առաջինը շուկայում ներդրեցինք դիզայն մարքեթինգ և ըջայլ մարքեթինգ հասկացությունները։
Այս տարի ռեբրենդինգից հետո ավելացան նաև Փի Ար-ի և Մարդկային Ռեսուրսների բլոկերը, որտեղ նույնպես ներգրավված են իրենց ոլորտի առաջատարները։
Նաև մեծ նշանակություն ենք տալիս մասնագիտական վերապատրաստմանը, ինչի արդյունքում մեր այս հատվածը առանձնացավ Slice Academy բրենդի ներքո։ Ներկայիս դրությամբ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական բիզնես կրթություն և անցնել համապատասխան սերտիֆիկացիա, ինչպես նաև անցնել ծրագրի առանձին հատվածները՝ ըստ նախընտրության։
Մեր շրջանավարտները հանդիսանում են մեր մասնագիտական համայնքի անդամներ և պարբերաբար ստանում են ոլորտի նորույթների վերաբերյալ ինֆորմացիա, իրադարձություններին մասնակցելու հատուկ կարգավիճակ և մեզ հետ ավելի սերտ ու եկամտաբեր համագործակցելու հնարավորություն։
Կարծում եմ այսքանը 🙂 :
Վերջերս նաև ծրագիր էիք իրականացնում ստարթափների համար, ի՞նչ ուղղվածություն ունի այդ ծրագիրը։
Այս պահին ակտիվ ենք նոր նախաձեռնություններով․ սկիզբ ենք դրել Start-up Factory ծրագրին, որը կոչված է աջակցել շուկա մուտք գործող ընկերություններին և ապահովել վերջիններիս կենսունակությունը։
3 ամիսը 1 անգամ հավաքագրում ենք գաղափարի փուլից մինչև 6 ամիս գործունեություն ծավալող ընկերությունների, որոնք առավել հեռանկարային են և կարող են տեղական շուկան զարգացնել, ինչպես նաև ներգրավվել արտասահմանյան հաճախորդների և անվճար խորհրդատվության արդյունքում որոշվում է, թե մեր հնարավորությունների շրջանակներում ինչ ծառայությունների կարիք է առկա։ Այնուհետև մշակվում է համապատասխան փաթեթը, որի 70%-ը վճարում ենք մենք, իսկ 30%-ը ընտրված ծրագրի մասնակիցը։ 3 ամիս աշխատում ենք ընկերության հետ այդ պայմաններով, անհրաժեշտության դեպքում նաև երկարաձգում ենք ևս 3 ամսով։
Այս ծրագիրը արդեն հաջողություններ է գրանցում, մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.sliceconsulting.org/start-up-factory-arm հղումով։
Ինչպե ՞ս եք գնահտում տեղական շուկայի ու ժամանակակից թվային մարքեթինգի ինտեգրացիայի մակարդակն այսօր։
Եթե համեմատեմ օրինակ 8 տարի, կամ նույնիսկ 5-6 տարի առաջվա պատկերի հետ, երբ կարելի է ասել միայն հատընտիր ակտիվություն էր, հիմա ամեն ինչ եռում է։ Մանր ընկերությունները ծաղկում և գոյատևում են թվային առաջխաղացման միջոցով, իսկ խոշոր ընկերությունները արդեն գովազդային բյուջեյի ավելին, քան 10%-ը ծախսում են թվային մարքեթինգի վրա, նշեմ, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է։
Բարձրանում է թվային մարքեթինգ մատակարարող ընկերությունների պրոֆեսիոնալիզմի աստիճանը։ Եթե առաջ ամեն ինչ ուղղակի արվում էր, որ լինի, այսօր արդեն և հրապարակումներն են շատ անգամ տեղին, և առաջխաղացումը, և նույնիսկ իրականացվում են նեղ մասնագիտական գործառույթներ, ինչի համար շատ ուրախ եմ և հպարտ, քանի որ իմ ուսանողներն էլ այսօր շուկայում առաջատար դիրքեր ունեն։
Դուք նաև դասավանդում եք, խոսենք մի փոքր այդ մասին, ինչպիսի՞ դասընթացներ եք կազմակերպում և ինչպե՞ս կարելի է մասնակցել դրանց։
Այո, հիմնականում կորպորատիվ դասընթացներ եմ իրականացրել այս 10 տարիների ընթացքում, բայց աշխատում եմ տարին 1, 2 անգամ նաև բաց խմբերով դասընթացներ կազմակերպել։
Այս պահին շուկայում ակտիվ եմ մեր նորույթներով Ըջայլ Մարքեթինգ և Դիզայն Մարքեթինգ, ինչպես նաև ակտիվորեն ներկայանում ենք Թվային Մարքեթինգով, որի ծրագիրը այս 8 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին փոփոխվել է՝ հետևելով շուկայի տրանսֆորմացիային (աշխատում ենք գոնե 2 ամսիը 1 անգամ վերանայել ամբողջ նյութը, իսկ ընթացիկ թարմացումները տեղ են գտնում գրեթե ամեն օր, շուկան է թելադրում)։
Դասընթացներին կարելի է մասնակցել հետևելով մեր բաց խմբով դասընթացների հայտարարություններին, ինչպես նաև Հայ-Հնդկական Գերազանցության կենտրոնի մեր համատեղ նախագծերին։
Անձամբ իմ վարած դասերին կարելի է մասնակցել համալսարանական շրջանակներում, արդեն 6-րդ տարին է դասավանդում եմ ԵՊՀ Հեռաուսուցման Լաբորատորիայում Փի Ար և Մարքեթինգի բաժնում, որտեղ իրականացնում եմ մասնագիտական վերապատրաստում «Ռազմավարական Մարքեթինգ և Բրենդինգ», ինչպես նաև «Գովազդ և Մեդիապլանավորում» ուղղություններով։
Slice Academy շրջանակներում ընդունում ենք նաև կորպորատիվ և ինդիվիդուալ վերապատրաստման պատվերներ։
Ըստ Ձեզ՝ թվային մարքեթինգի ո՞ր տեսակն է առավել արդյունավետ գործում մեր երկրում։
Անկեղծ ասած իմ խորին համոզմունքն է, որ միայն 1 գործիքի կիրառումը լուրջ արդյունավետություն չի ապահովում, սակայն միայն իմ կարծիքը չի, որ պետք է սկսել սոց ցանցերից և, մասնավորապես, ֆեյսբուքից, բայց միայն դրանով կանգ առնել չի կարելի։ Ընդ որում նույն ֆեյսբուքում էլ 1 գործիքով չի ստացվի բավարարվել՝ անհրաժեշտ է կիրառել և գովազդ, և քոնթենթ մարքեթինգ, և մի քանի այլ գործիքների համադրված շահագործում :
Շատ երիտասարդներ այսօր սխալ են կողմնորոշվում կամ ընդհանրապես չեն կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։
Այսպիսի հարց չէի սպասում, այնուամենայնիվ իմ խորին համոզմունքն է, որ պետք է ինքնուրույն կողմնորոշվել։ Առավել ևս ինտերնետի այս դարում անհրաժեշտ է կարդալ, մտածել և նորից կարդալ։ Իսկ եթե իմ կարիքը լինի, միշտ պատրաստ եմ աջակցել, ինչպես և միշտ արել եմ։
Մի փոքր հումորային և ինտրիգ պարունակող հարց․ մեծ հաշվով մենք մրցակիցներ ենք, բայց ես հարցազրույց եմ վերցնում Ձեզանից, ինչպե ՞ս եք վերաբերվում այս փաստին ու նման միտումներին ընդհանրապես։
Մրցակիցը լայն հասկացություն է, ես Ձեզ համարում եմ գործընկեր, դեմ չե՞ք։ Իսկ առհասարակ մրցակիցները շուկայի զարգացման խթանն են, որոնք դրդում են յուրաքանչյուրիս զարգանալ ու առաջ գնալ։ Համամի՞տ եք։ Իսկ որ հարցում հարմար չի մրցակցելը, միշտ էլ կարելի է ուժերը համախմբել և համատեղ առաջ գնալ՝ հաղթահարելով առաջացած բարդությունները։
Դեմ չեմ ու համամիտ եմ, շնորհակալություն անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար։
Զրուցեց Գոռ Կարապետյանը